ՀԴԿ-ն Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից դուրս գալու որոշումը կայացվել է նախօրեին՝ կուսակցության խորհրդի նիստում՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Դաշինք ձեւավորելու համար ՀԴԿ-ն ներկայացրել է 4 սկզբունքային դրույթներ, որոնց շուրջ նախնական համաձայնության էին եկել, փորձը ցույց տվեց, որ այդ պայմանավորվածությունները խախտվում են։
«Նախեւառաջ պետք է ձեւավորվեր միասնական խորհուրդ, որի շրջանակներում պետք է կոնսեսուսային որոշումներ կայացվեին։ Ամենակարեւոր հարցը, որ պետք է քննարկվեր խորհրդում՝ դաշինքի ծրագիրն էր, նաեւ հարցը, թե ովքեր են լինելու դաշինքի կազմում։ Մինչդեռ, մինչ օրս նման խորհուրդ ձեւավորված չէ, ավելին, ծրագրերի քննարկման մասին որեւէ խոսք չկա։ Եթե մենք կուսակցությունների ներկայացուցիչներով հավաքվել եւ քննարկել ենք, դա պետք է լինի խորհուրդ, եթե դա խորհուրդ է, պետք է որոշումներ կայացնող խորհուրդ լինի։ Եթե դա խորհուրդ է, ապա պետք է քննարկի բոլոր կուսակցությունների կողմից ներկայացված հիմնական ծրագիրը»,-ասաց ՀԴԿ ղեկավար՝ հավելելով, որ բոլորը կենտրոնացած են ցուցակների կազմման վրա, ինչը երկրորդական պետք է լիներ եւ սկզբունքային նշանակություն պետք է չունենար։
Արամ Սարգսյանը նշել է, որ այս պահին ներկայումս այլ դաշինքների հետ լուրջ բանակցություններ տարվում են՝ միասնական մասնակցելու համար. «Երկրի վիճակն այնպիսին է, որ մենք հիմա կամ գնում ենք երկիրը այլ ճանապարհով տանելու, կամ ուղղակի անիմաստ են մեր բոլոր գործողությունները։ Շատ ավելի լավ կլինի, եթե մենք, այսպես ասած, «զուլալված» գնանք ընտրությունների, քան այս անորոշության մեջ փորձենք ինչ-որ բան գտնել»։ Հարցին, թե հնարավո՞ր է, ձեւավորվող դաշինքից դուրս գան նաեւ այլ ուժերը, ՀԴԿ նախագահն ասաց, որ նման մտադրություն ունեն «Երրորդ հանրապետությունը» եւ ԱԻՄ-ը: